38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փաշինյանի... Տ.Ավինյանը (մաս Բ)

Փաշինյանի... Տ.Ավինյանը (մաս Բ)
15.09.2023 | 19:55

Սկիզբը՝ այստեղ

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ներկայանում է Տիգրան Ավինյանի տեսքով:

Իսկ ո՞վ է Փաշինյանի Տ.Ավինյանը: Իսկ նա 2018-2021 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետ: Իսկ այդ ժամանակահատվածում շա՜տ իրադարձություններ են տեղի ունեցել: Ցավոք, հիմնականում ճակատագրական:

Տ.Ավինյանը, որպես ՔՊ կարկառուն ներկայացուցիչ, ինչ խոսք, քաղաքական պատասխանատվություն է կրում (կրելու) այդ ամենի համար: Ոչ միայն «կոլեկտիվով», այլև՝ անհատապես:

Նա, օրինակ, պատասխանատվություն է կրում 2018-ի հոկտեմբերին փաստացի գործադիր իշխանության կողմից փաստացի օրենսդրական իշխանության վրա իրականացված հարձակման համար:

Նմանապես, պատասխանատվություն է կրում նաև 2019-ին դատական իշխանության վրա իրականացված հարձակման համար:

Բայց կանգ առնենք 2020-ի վրա: Հիշեցնենք՝ 2020-ի ձմեռնավարտին շատերը զգուշացնում էին, որ շուրջբոլորը ծավալվող կորոնավիրուսի համաճարակը թափանցելու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները չափազանց անլուրջ, ավելին՝ ձեռառնողական էին վերաբերվում հնարավոր համաճարակին:

Բայց 2020-ի մարտին ստիպված եղան ընդունել, որ վարակը թափանցել է Հայաստան ու արագորեն տարածվում է: Եթե սկզբում նույնիսկ շոու էին սարքում «առաջին վարակված ՀՀ հպարտ քաղաքացի» տարբերակով, ապա կարճ ժամանակ անց արդեն շոուն վերածվեց մահվան երթի:

Տ.Ավինյանը, հիշեցնենք, նշանակվեց ՀՀ պարետ: Ու, եթե Փաշինյանի առողջապահության նախարար Թորոսյանը պատասխանատու է համաճարակի հետևանքների համար, ապա ոչ պակաս պատասխանատու է Տ.Ավինյանը, որպես պարետ: Ինքն ու Թորոսյանը, եթե երբևէ կորոնավիրուսի համաճարակի ու դրա հետևանքների քննություն լինի, կարծում ենք, պատմելու շատ բան կունենան:

Հազարավոր ու հազարավոր մահեր, տասնյակ հազարավոր վարակվածներ: Ու մարդիկ, որպես «տուգանքի մատերիալ»:

Բայց դա, ինչպես հետագան ցույց տվեց, դեռ աղետի նախերգանքն էր: Աղետը մենակ չեկավ: Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այդ աղետը բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին:

Պատերազմ: 2020...

Երբ այս ընտրարշավի ժամանակ Տ.Ավինյանին Արցախի մասին հարց էին տալիս, վրա էր բերում, թե իրեն թող բան չասեն, ինքն ամբողջ պատերազմի ընթացքում Արցախում էր: Գիտենք, այնտեղ էր: Իսկ ի՞նչ էր անում: Մարտական գործողություննե՞րն էր համակարգում, թե՞ մարտնչող բանակին էր ապահովում, այսպես ասենք՝ պատերազմական իրավիճակում կառավարում էր: Ի՞նչ էր անում: Ի՞նչ արեց: Խրոխտ ստատուսնե՞ր էր գրում, ինչպես 2020-ի սեպտեմբերի 29-ին, թե՝ «մերոնք ջարդում-փշրում են» թշնամուն (տես՝ սքրինը): Այսինքն, նաև հանրությանը մոլորության մատնելու սև գործի՞ն էր մասնակցում: Դե, այն, որ 42 օր «հաղթելու, հաղթում» էինք, հետո պարզվեց... նոեմբերի 9-ի կապիտուլյացիա:

Փոխվարչապետը կարող էր ֆիզիկապես չլինել Արցախում, կարող էր և լինել, դա չէ խնդիրը: Այլ այն, թե ինչ եղավ այդ փոխվարչապետի ու նրա վարչապետի կառավարման հետևանքով:

Իսկ եղավ այն, որ ահռելի կորուստներ ունեցանք՝ քաղաքներ, գյուղեր... Հազարավոր զինվորներ, սպաներ: Զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի կորուստներ:

Ու, ինչպես էլ դիտարկես, Տ.Ավինյանը նմանապես պատասխանատվության է ենթակա այդ ամենի համար:

Մեծ հաշվով, Տ.Ավինյանը տապալված փոխվարչապետ է, տապալված պարետ, իսկ հիմա էլ, փաստորեն, ուզում են նրա վրա փորձարկել Երևանի քաղաքապետի «կոստյումը»:

Հարկավ, կառավարության ահռելի ֆինանսական աջակցության պայմաններում փոխքաղաքապետ չէ, բաժնի վարիչ էլ լիներ, Երևանը կկառավարեր, պարտքով ավտոբուսներ էլ կբերեր:

Բայց եթե նույնիսկ «օդային տրամվայ» բերի, Տ.Ավինյանը մնալու է Արցախն ուրացած ՔՊ-ի ներկայացուցիչ: Իսկ Արցախն ուրացողը վաղը մնացած Հայաստանն էլ է ուրանալու, Երևանն էլ՝ հետը:

Գիտեմ, որ կան անձինք, որոնց «գնել» են կամ ստիպել են, որ սեպտեմբերի 17-ին Տ.Ավինյան «ընտրեն»: Կուզենայի, որ նրանք հիշեն և իմանան, որ քվեախցում իրենք մենակ են լինելու. իրենք, քվեաթերթիկներն ու՝ իրենց խիղճը:

Ուզում եմ հավատալ, որ այդ «վարչական ռեսուրսով» բերման ենթարկվածները հիշեն Տ.Ավինյանի ու նրան նարկայացնող Փաշինյանի բերած հազարավոր ու հազարավոր մահերը, կորուստները, ավերները: Հիշեն և իմանան, որ «քվեարկելով» Փաշինյանի Տ.Ավինյանի օգտին, իրենք ընտրում են նոր մահեր, նոր ավերներ, նոր կորուստներ:

Փաշինյանի Տ.Ավինյանի հետ հաստատ՝ լավ չի լինելու: Հաստատ՝ ավելի վատ է լինելու: Ու հետո չասեք, թե ձեզ ոչ ոք չէր ասել:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ